Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանների միջև հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը տեղեկացրել է, որ քրեական գործը հարուցվել է 2020թ. հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:
Հիշեցնենք՝ հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է. Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ եւ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Արտակ Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարն է: