Մնացականյանն անդրադարձավ համավարակի պայմաններում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին
«Թուրքիայի հետ հարաբերություններում իրավիճակն այնպիսին է, որ այն շարունակում է մարտահրավեր մնալ անվտանգության համար: Հարցը վերաբերում է հարաբերությունների բացակայությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Անդրադառնալով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, նշել է. «Մենք այս համավարակի շրջանում ունեցանք մեկ տեսակոնֆերանս երկու նախարարների և համանախագահների մասնակցությամբ: Դրանից բացի, մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ: Առարկայական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է համբերատար սպասել այն պայմաններին, երբ հնարավոր կլինի նորից հավաքվել և շարունակել մեր կանոնավոր աշխատանքները: Առավել ևս, որ ներկա պայմաններում կարևոր գերակայությունն այն միջավայրն ու անհրաժեշտ պայմանները պահպանելն է, որոնք չեն խոչընդոտի մեր աշխատանքների շարունակությանը: Հարցն առաջին հերթին վերաբերվում է էսկալացիայի որևէ ռիսկի բացառմանը»,- ասել է նախարարը: