«Խստացնում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների պահպանումը». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է Արցախում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման հետ կապված առաջիկա անելիքների մասին:
Նա հայտնել է, որ հարսանիքների և հուղարկավորությունների մասնակցելու համար սահմանվելու են խիստ կանոններ, որոնց չհետևողները պատասխանատվության կենթարկվեն:
«Մենք ամեն օր Արցախ ենք թույլ տալիս մուտք գործել մարդկանց, որոնք հնարավոր է՝ վարակված են կորոնավիրուսով, դա շատ դժվար է վերահսկելն ու արգելելը: Այսօր պարետատանը հանձնարարություն կլինի, որ այսուհետ մարդիկ, որոնք այցելում են Արցախ, կարող են սահմանն անցնել՝ միայն ունենալով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին համապատասխան տեղեկանք: Սա շատ ծանր ու բարդ պահանջ է, բայց պարտադիր պետք է կիրառվի: Սա վերաբերում է նաև զինվորականներին, որոնք մեկնում են Հայաստան ու վերադառնում: Մենք սահմանային անցակետերում նաև արագ թեստերի հնարավորություն կունենանք:
Հայաստանի փորձը հաշվի առնելով՝ ես գտնում եմ, որ Արցախում էլ պետք է դիմակների կրման փորձը լինի պարտադիր: Դա չի լինի վաղը, իհարկե, բայց այն հեռու չէ. դա պետք է լինի փուլ առ փուլ: Սա համաճարակ է, որը կարող է բերել աղետի: Մենք արդեն տեսնում ենք այդ աղետի եզրերը»,-ասել է ԱՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: