Այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է, սակայն ամենավատ սցենարների դեպքում էլ մենք կարծում ենք՝ ռիսկերը կառավարելի են. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն
2020 թվականի առաջին եռամսյակի գործունեությունը համընկել է կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջոցառումների հետ և բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել և՛ բանկային համակարգի ցուցանիշների, և՛զարգացման միտումների, և՛ ողջ տնտեսության վրա: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը` խոսելով բանկային համակարգի գործունեության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների ամփոփման մասին:
«Ամենակարևոր ցուցանիշն ընդհանուր կապիտալն է բանկային համակարգում, որը առաջին եռամսյակի վերջում եղել է 862 մլրդ դրամ, նախորդ տարվա վերջի համեմատ բարձրացել է 18 մլրդ դրամով: Պետք է ասեմ, որ ընդհանուր կապիտաի աճի տեմպը վերջին տարիներին բավականին կտրուկ է եղել, և եթե նայենք 2014 թվականից, կտեսնենք, որ բանկերի կապիտալը կրկնապատկվել է: Մյուս ցուցանիշը՝ ակտիվները եռամսյակի վերջում եղել են 5 տրիլիոն 907 դրամ, ավելացել է 1,8 տոկոսով»,- ասաց նա:
Սեյրան Սարգսյանը նշեց, որ վարկային ներդրումներն առաջին եռամսյակի վերջում եղել են 3 տրիլիոն 762 դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 0.5 տոկոսով: Ըստ նրա՝ վարկավորման որոշ ճյուղերում աճ է գրանցվել, որոշներում էլ աճը նվազել է, ինչպես օրինակ՝ տրանսպորտի և կապի ոլորտի վարկերում, առևտրի, արդյունաբերության, ֆինանսական հատվածի վարկերում: Իսկ աճ է գրանցվել հիփոթեքի, գյուղատնտեսութան, շինարարության, սպառողական վարկերի, սպասարկման և այլ ոլորտներում:
Հարցին, թե ներկայիս բարդ տնտեսական իրավիճակում ինչպիսի՞ համակարգային ռիսկերի հետ են բախվում բանկերը, և ո՞րն է կորոնավիրուսի տարածման ընթացքում ամենամեծ վնասը Հայաստանի բանկերի համար, գործադիր տնօրենը պատասխանեց, որ այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է, որովհետև մենք չգիտենք՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսության դանդաղման ժամկետներն ինչպիսի ազդեցություն և հետևանքներ կունենան: «Ամենավատ սցենարների դեպքում նույնիսկ մենք կարծում ենք, որ այդ ռիսկերը կառավարելի են»:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք բանկերը խստացրել են վարկավորման պայմանները, Սարգսյանը պատասխանեց, որ բոլորն էլ գիտակցում են, որ ստեղծված իրավիճակը ազդեցություն է ունեցել տնտեսվարողների, ֆիզիկական անձանց եկամտի վրա, և դա ազդեցություն է ունենալու վարկավորման վրա, որովհետև բանկերը չեն կարող վարկավորմուն այնպես ապահովել, ինչպես նախկինում: