Life
Այսօր Ազնավուրը կդառնար 96 տարեկան. շանսոնյեի դուստրն այս կապակցությամբ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Այսօր Ազնավուրը կդառնար 96 տարեկան. շանսոնյեի դուստրն այս կապակցությամբ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) 22/05/202013

Այսօր Ազնավուրը կդառնար 96 տարեկան. շանսոնյեի դուստրն այս կապակցությամբ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Մայիսի 22-ը ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 96 տարեկան:

Շանսոնյեի ծննդյան կապակցությամբ նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գեղեցիկ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում հնչում է Ազնավուրի հիթերից մեկը, որի հնչյունների ներքո ներկայացվում են մի քանի տասնյակ արխիվային լուսանկարներ՝ արված մեծանուն հայի կյանքի և գործունեության տարբեր տարիներին:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:

1941 թվականին Ազնավուրը հանդիպել է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին, որի հետ շփումից հետո որոշել է ընտրել երգարվեստը:

1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել «Օլիմպիա» դահլիճում, ինչից հետո ֆրանսիական մամուլը գրել է.«Ֆրանսիան ազնավուրացված է»։

1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն է ունենում Մեծ Բրիտանիայում, որտեղ նրա «Նա» երգը չորս շաբաթ շարունակ գլխավորել է հիթ շքերթը:

Ազնավուրը հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարին» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլ ֆիլմերում:

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծել են «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է:

2009 թվականի մայիսի 4-ին Ազնավուրը Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզվել է, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։

Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Ազնավուրի հիշատակին ազգային տուրք է մատուցվել Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, որտեղ ունեցած ելույթում Մակրոնը նրան անվանել է «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»:


 

Այլ հոդվածներ
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը