Սպորտ
Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ես. Մխիթարյան
Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ես. Մխիթարյան 18/05/202017

Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ես. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում պատմել է «Ռոմայում» մնալու իր ցանկության, իտալական ֆուտբոլի առանձնահատկությունների և մի շարք այլ հարցերի մասին:

-Վերջերս քո հարցազրույցներից մեկում նշեցիր, որ մտադիր ես շարունակել խաղալ «Ռոմայում»: Ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև՝ կապված իտալական թիմի հետ:

-Առաջին իսկ օրվանից, երբ եկա «Ռոմա», ինձ շատ լավ զգացի՝ ակումբը, քաղաքը ամեն ինչ հիանալի էր: Իհարկե, շատ լավ կլինի, եթե մնամ այստեղ: Գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հայտնվելն է, խաղալն ու տիտղոսներ նվաճելը:

-Խաղացել ես Ուկրաինայում, Գերմանիայում, Անգլիայում, հիմա էլ հանդես ես գալիս իտալական Ա Սերիայում: Անձամբ քեզ ի՞նչ է տվել Ա Սերիան:

-Եթե համեմատենք անգլիական, գերմանական կամ ուկրաինական ֆուտբոլի հետ, Ա Սերիան իր առանձնահատկությունն ունի: Մարդիկ թերագնահատում են Իտալիայի առաջնությունը, բայց ես կասեի, որ այստեղ ավելի քան հետաքրքիր է խաղալը: Իհարկե, նույնը չէ, ինչ 20 տարի առաջ, բայց ես վստահ եմ, որ լիգան ավելի ու ավելի լավն է դառնում: Նախորդ տարվա տրանսֆերներն էլ այդ մասին են խոսում: Ավելի քան ուրախ եմ լինել այստեղ, քանի որ Իտալիայում խաղալը՝ այս երկրպագուների ներքո, ինչ-որ անհավանական բան է: Շատ էի լսել այն մասին, որ Իտալիայում երկրպագուները լավ իմաստով խելագար են, բայց չէի կարող պատկերացնել, որ նրանք իսկապես այդպիսին են: Շատ ուրախ եմ, որ խաղում եմ «Ռոմայում» ու նման երկրպագուներ ունենք:

-Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր խաղացողի հաջողությունը խաղադաշտում կախված է նաև նրա թիմակիցներից ու նրանց հետ արդյունավետ համագործակցությունից: Իտալացիների մասին այս առումով ի՞նչ կասես:

-Իհարկե, լավ ելույթը կախված չէ միայն քեզնից, քանի որ մեկ հոգով չես կարող խաղը հաղթել, պետք է հաղթել 11-ով՝ նույնիսկ այն խաղացողների հետ, ովքեր նստած են պահեստայինների նստարանին: Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Այնպես չէ, որ կարող ես մտածել՝ «լավ, ես այսօր միայնակ եմ խաղում, ամեն ինչ ինձնից է կախված»: Ոչ, կախված է ամբողջ թիմից: Ես իմ ուժերի ներածին չափով փորձում եմ անել ամեն ինչ թիմին օգնելու համար, նրանք էլ նույնն ինձ համար են փորձում անել:

Երբ առաջին անգամ եկա այստեղ, տպավորված էի որոշ խաղացողների որակներից: Նախկինում՝ Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում, նման բան չէի տեսել: Անուններ չեմ նշի, բայց կասեմ, որ մենք հիանալի ֆուտբոլիստներ, հիանալի տաղանդներ ունենք, որոնց հետ կարող ենք հասնել ամենաբարձր մակարդակին ու օգնել «Ռոմային» հասնել իր նպատակներին:

-Ո՞րն է անձամբ քո հաջորդ նպատակը ֆուտբոլում:

-Շատ բաների եմ հասել, բայց դա անցյալում է: Ցանկանում եմ հասնել ավելիին առաջիկա տարիների ընթացքում: Ֆուտբոլային կարիերայիս ավարտին շատ չի մնացել, բայց ես վստահ եմ, որ լավագույնս ներդնում եմ իմ ուժերն՝ ինչ-որ բան նվաճելու համար, քանի որ կարիերայիդ ավարտին բոլորը կմտածեն այն մասին, թե դու ինչ ես արել թիմիդ համար, ինչ տիտղոսներ ես նվաճել ու ինչպես ես խաղացել: Ինձ համար շատ կարևոր է ինձնից հետո ինչ-որ դրական կետ թողնելը՝ որևէ տիտղոս նվաճելով կամ ակումբի համար որևէ լավ բան անելով:

-Արդյոք այս կարանտինը քեզ հնարավորություն տվե՞ց երկրպագուներիդ հետ սոցիալական ցանցերով ավելի հաճախ շփվելու: Առհասարակ ի՞նչ հարցեր ես քննարկում երկրպագուներիդ հետո:

-Այո, որոշ հարցազրույցներում ու նաև LIVE ձևաչափով հարցազրույցներում ես պատասխանել եմ որոշ հարցերի, որոնք ուղղել են իմ երկրպագուները: Հարցնում էին հիմնականում այն մասին, թե ինչպես եմ անցկացնում կարանտինային այս շրջանը, ինչով եմ զբաղվում, արդյոք դիտո՞ւմ եմ ֆիլմեր, սերիալներ: Ուրախ եմ, որ նրանց հետ կապ եմ ունենում, իմանում եմ, թե նրանք ինչով են զբաղվում այս օրերին:

-Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանքներ ես ստանում իտալացի երկրպագուներից քո խաղի վերաբերյալ: Մենք՝ հայերս, միշտ մեր էմոցիաների մասին ենք մտածում, բայց հիմա դու Իտալիայում ես, գնահատո՞ւմ են քո խաղն այդտեղ:

-Նրանց հետ հիմնականում խաղերից հետո եմ շփվում, երբ օրինակ մեքենայով տուն եմ գնում, նրանք ինձ կանգնեցնում ու խնդրում են լուսանկարվել կամ ստորագրություն տալ: Երկրպագուներին հանդիպում եմ նաև քաղաքում զբոսնելիս կամ ռեստորան այցելելիս: Իհարկե, որոշ երկրպագուներ կարող են ուրախ լինել, ոմանք՝ ոչ այնքան, դա նորմալ է, քանի որ չես կարող բոլորի կողմից սիրված լինել, սա ֆուտբոլ է: Ամեն դեպքում, ես անում եմ ինձնից կախված ամեն բան՝ նրանց երջանկացնելու համար … դա կլինի գոլով, թե գոլային փոխանցում կատարելով, կամ էլ՝ պարզապես լավ խաղ ցուցադրելով:Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ ակումբը հաղթի, չնայած՝ իհարկե ուրախ եմ լինում երբ գոլ կամ գոլային փոխանցում եմ կատարում:

-Գիտեմ, որ դիտում ես Netflix-ի վավերագրական ֆիլմը NBA-ի մասին: Այնտեղ կա մի դրվագ, երբ Մայքլ Ջորդանն ասում է՝ «Ես պարզապես պրոֆեսիոնալ խաղացող եմ, ես ակտիվիստ չեմ»: Ո՞րն է քո կարծիքը սրա վերաբերյալ:

-Եթե նա այդպես է ասում, ուրեմն ճիշտ է: Չես կարող ակտիվիստ լինել, երբ զբաղվում ես սպորտով: Օրինակ ես ամբողջովին կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա: Չեմ մտածում որևէ այլ բանի մասին: Ֆուտբոլից դուրս որևէ բան անելն իմը չէ: Ես ինձ նվիրել եմ ֆուտբոլին, իմ աշխատանքը ֆուտբոլ խաղալն է: Խուսափում եմ որևէ պրովոկացիոն բան ասելուց: Ես վայելում եմ ֆուտբոլը:

-Դու դեռահասներին ու առհասարակ քո երկրպագուներին տալիս ես ավելին, քան պարզապես ֆուտբոլային լավ հնարքները դաշտում: Երբևէ մտածե՞լ ես այս մասին: Ի՞նչ ես ներկայացնում քո երկրպագուներին, բացի գեղեցիկ ֆուտբոլը:

-Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես: Այսինքն, եթե նրանք քո մեջ ինչ-որ բան են տեսնում, որ կարող են սովորել, նշանակում է՝ դու ամեն ինչ ճիշտ ու լավ ես անում: Ես ինքս միշտ երազել եմ լավ ֆուտբոլիստ դառնալու մասին, որպեսզի մարդիկ նայեն ինձ, հպարտանան ինձնով ու ինչ-որ բան սովորեն ինձնից: Եթե նրանք որևէ նոր բան են սովորում քեզնից, ուրեմն հիանալի աշխատանք ես անում:

Այլ հոդվածներ
«Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը
«Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը
Ալեքսանդր Գրիգորյանն ու Ուրարտուի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան
Ալեքսանդր Գրիգորյանն ու Ուրարտուի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան
Ֆուտբոլ. Գերմանիան վերսկսեց. հաջորդը Հայաստանն է
Ֆուտբոլ. Գերմանիան վերսկսեց. հաջորդը Հայաստանն է
Հայտնի է, թե երբ կանցկացվեն Գերմանիայի գավաթի վճռորոշ հանդիպումները
Հայտնի է, թե երբ կանցկացվեն Գերմանիայի գավաթի վճռորոշ հանդիպումները
Արոնյանը Պարտվեց Ֆիրուջային, Եվրոպայի Հավաքականը Դուրս Մնաց Պայքարից
Արոնյանը Պարտվեց Ֆիրուջային, Եվրոպայի Հավաքականը Դուրս Մնաց Պայքարից