Ռազմական
Ունենք տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիր․ Չպետք է հակառակորդին ինֆորմացիա նվեր տանք մեր ՊՆ-ի մասին
Ունենք տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիր․ Չպետք է հակառակորդին ինֆորմացիա նվեր տանք մեր ՊՆ-ի մասին 17/05/20208

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակել։ Ըստ նախարարության՝ այն կկանխարգելի զինված ուժերին ուղղված հնարավոր սպառնալիքները, կբարձրացնի գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը:

Նման նախագիծ է Պաշտպանության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

«Պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումներ մեկնելու նպատակով գնված ավիատոմ­սերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է Պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով»,- նախագծում հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

 

Նախարարությունը նաև ընդգծել է, որ համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և պետության անվտանգությունը, այդ իսկ պատճառով ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստը ինքնին կրում է գաղտնի բնույթ:

Ռազմական  փորձագետ  Հրաչ  Պետրոսյանցը  որոշ չափով համաձայն է այս նախագծի վերաբերյալ հնչող այն տեսակետների հետ, որ Պաշտպանության նախարարության պաշտոնյաների գործուղումների մասին տեղեկատվության չհրապարակումը կարող է իր մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակել, սակայն մյուս կողմից փորձագետը շեշտում է, որ այս առումով ունենք անվտանգության լրջագույն խնդիր, ինչն էլ հանգեցրել է այսպիսի նախագծի ընդունման անհրաժեշտության, որպեսզի այս կերպ պահպանվի գաղտնիությունը: Հաշվի առնելով այս  հանգամանքը՝  վերջինս նախագիծը կարևոր համարեց  ու  դրական  գնահատեց:

«Այդ գործուղումների մեծ մասը վերաբերում է այնպիսի հարցերի, այնպիսի նպատակների, որոնք հրապարակման ենթակա չեն և չպետք է լինեն բացահայտ. մի  պարզ օրինակ բերեմ՝ ենթադրենք հրապարկվում  է, որ Պաշտպանության նախարարության ինչ-որ մի վարչության սպաներ կամ ասենք թե մեր հրետանավորների  խումբն  այսինչ օրը մեկնում են այսինչ երկիր, ըստ դրա  արդեն  պարզ  է  դառնում, որ մեկնել են  հրետանու հետ կապված կամ տեխնիկական  այլ  ինչ-որ հարցեր լուծելու համար, և, բնականաբար,  բնավ  ցանկալի չէ, որ մեր հակառակորդը  նույնպես տիրապետեի  այս ինֆորմացիային կամ սկսի  ուսումնասիրել մեր ռազմական պաշտոնյաների այնտեղ կատարած հնարավոր գործարքները, հետևաբար, սա իրոք անվտանգության շատ կարևոր խնդիր է և նման ինֆորմացիան չպետք է հասանելի լինի որևէ այլ անձի կամ անձանց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ռազմական փորձագետն ու միևնույն ժամանակ հավելեց, որ  ինքը  ռադիկալ (արմատական)  կարծիք ունի  մեր  տեղեկատվական  անվտանգության խնդիրների վերաբերյալ:

«Մեր այսօրվա համապատասխան մարմինները մի փոքր ավելի մեղմ են այս խնդիրներին նայում, մեղմ են տեղեկատվական հոսքերին վերաբերում, բայց ես համոզված եմ, որ բոլոր այն հարցերն ու օրենքները, որոնք վերաբերում են զինվորական ծառայությանը, չպետք է այդաստիճան բաց լինեն, զորօրինակ՝ ցանկացած մեկը կարող է  մտնել  «Arlis.am» կայքն ու կարդալ  ներքին  ծառայության կանոնագիրքը, որը կանոնակարգում է ամբողջ  ՀՀ  Զինված ուժերի որոշ  պարտականություններն  ու իրավունքները, ինչը, միանշանակ, շատ սխալ քայլ է:

Մեկ  այլ  օրինակ բերեմ՝ ոչ մի սպա սոցկայքերում լինելու իրավունք  չունի, որովհետև  այդ պարագայում շատ հեշտ է լինում նրան գտնելը՝ օրինակ, հայտարարում ենք,  որ  իքս  գնդապետը  կամ  փոխգնդապետը կամ գեներալը գործուղվել է այսինչ երկիր, դրանից հետո  ցանկացած մեկը  կարող է բացել սոցցանցերն ու շատ հեշտությամբ գտնել այդ սպային, հետևել նրա «անցուդարձին» ու պատկերացրեք, թե ինֆորմացիայի ինչ հսկայական արտահոսք է տեղի ունենում՝ առանց  անգամ  մի կոպեկ գումար  ծախսելու, առանց  ջանք թափելու  ու  ստացվում է, որ մենք մեր հակառակորդին  կամ  որևէ  երրորդ անձի նվեր ենք տալիս այդ սպայի մասին  ինֆորմացիան.  հիմա պատկերացրեք, թե սա ինչ հետևանքների կարող է հանգեցնել»,-շեշտեց  մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս ճանապարհով կոռուպցիոն հնարավոր ռիսկերը  թաքցնելուն, ապա Պետրոսյանցի գնահատմամբ, առհասարակ, եթե որևէ պետական  կառույցում  առկա  է  նման խնդիր, ապա  անկախ այն հանգամանքից, թե այդ պաշտոնյաների   գործուղումների  վերաբերյալ ինֆորմացիան բաց է, թե փակ, միևնույնն է՝ կոռուպցիոն գործարքներ տեղի կունենան և այդտեղ ինֆորմացիայի  գաղտնի կամ հրապարակային լինելը դերակատարում չի ունենա:

«Ես, իհարկե, չեմ բացառում, որ գուցե նաև կոռուպցիոն ինչ-որ  ռիսկեր լինեն այս որոշման մեջ, սակայն կրկնում եմ՝ ես առավելապես հակված եմ կարծելու, որ այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ մենք պետք է  ինքնամաքրման միջոցով վերացնենք  ինֆորմացիայի արտահոսքը մեր մեջից  ու հասկանանք, որ Պաշտպանության նախարարությունը պետք է տեղեկատվական գաղտնիության  և անվտանգության  կոնկրետ  սահմաններ ունենա:

Ինչպես նաև չափազանց կարևոր է, որ փակ լինի նաև այն ինֆորմացիան, թե մենք որ երկրների հետ ենք համագործակցում, որ  երկրների պաշտապնության նախարարների ու այլ  բարձրաստիճան  պաշտոնյաների հետ  ինչ հանդիպումներ ենք  ունենում, ինչ հաճախականությամբ են քննարկումներ լինում այս կամ այն հարցի վերաբերյալ  և այլն և այլն, քանի որ բացի նրանից, որ այդ ինֆորմացիան հասանելի է դառնում մեր հակառակորդին, այդ ինֆորմացիայից հեշտությամբ  օգտվում են նաև մեր «բարեկամները», մինչդեռ  նորից եմ շեշտում՝ որևէ մեկը  չպետք է տեղյակ լինի մեր  օտարերկրյա  ռազմական համագործակցություններից  ու գործարքներից.   այդ ինֆորմացիայի հիման վրա կարող են  բազմաթիվ խոսակցություններ  ու մեկնաբանություններ լինել , որոշ դեպքերում՝ գուցե նաև ոչ ցանկալի, հետևաբար չպետք է թույլ տանք, որպեսզի տարաբնույթ կարծիքներ հնչեն մի կառույցի մասին, որն ապահովում է  Հայաստանի  Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը»,-եզրափակեց Հրաչ Պետրոսյանցը:

Հիշեցնենք, որ Կառավարության  2016 թ-ի որոշմամբ՝  govtravel.am ինտերնետային կայքում հրապարակվում է պետական մարմինների գնած ավիատոմսերի մասին տեղեկությունները։

Բացառություն է կազմում  նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի մասին տեղեկությունների հրապարակումը:

Այլ հոդվածներ
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ
«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան
«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան
Կրակային պատրաստության պարապմունք. Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները
Կրակային պատրաստության պարապմունք. Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները
Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել. ՊԲ-ն կորուստներ չունի
Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել. ՊԲ-ն կորուստներ չունի
ԳՇ պետ Արտակ Դավթյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ
ԳՇ պետ Արտակ Դավթյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ