Վերջին շրջանում ծավալված ներքաղաքական իրադարձությունների,ինչպես նաև որոշ այլ հարցերի մասին Iravunk.com-ը զրուցեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի, «Մառոզ Մարգոյի» հետ:
- Տիկին Մարգարիտա, կորոնավիրուս կոչվող համաճարակը անմասն չթողեց նաև Հայաստանը:Կարանտինային օրերն ինչպե՞ս են անցնում ձեզ մոտ, այս օրերին ինչպե՞ս եք կարողանում պահպանել ձեր գոյությունը:
- Դե ինչպես բոլորը շատ լավ գիտեն, ես երբեք չեմ ֆինանսավորվել և ոչ մի աջակցություն չեմ ստացել, օգտագործելով միայն իմ անձնական ֆինանսավորումը: Պատկերն այն է, որ ես չեմ դադարեցրել իմ աշխատանքային գործունեությունը: Ես ամեն բան անում եմ, որ գոնե բանակը հեռու պահենք կորոնավիրուսից, քանի որ մենք բանակից ավելի թանկ ոչինչ չունենք:
- Շուշիի ազատագրման օրը, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական դատավարությունը, ի՞նչ եք կարծում մայիսի 8-ին դատավարության օր նշանակելը պատահականությո՞ւն է, թե՞ կանխորոշված քայլ:
- Հերոսներին դատապարտել, այն հերոսներին, ովքեր հենց այդ օրը հողեր են ազատագրել, ես դեմ եմ: Կարծում եմ, որ ներկայիս իշխանություններն ուշքի կգան և կփոխեն խափանման միջոցը, ազատ արձակելով մեր հերոսին: Մայիսի ութին նախագահին դատելը մտածված վրեժխնդրություն է:
- Վերջերս Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ի՞նչ գնահատական կտաք այդ ընտրություններին, և ի՞նչ կարծիք ունեք Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի մասին:
- Ես, քանի որ ընտրություններին չեմ մասնակցել, առանձնակի կարծիք հայտնել չեմ կարող: Արայիկ Հարությունյանին ճանաչել եմ որպես վարչապետ, համագործակցել ենք այն ժամանակ, երբ Արցախ եմ այցելել, բայց հիմա առանձնապես տեղյակ չեմ:
- Տիկին Մարգարիտա, ի՞նչ եք կարծում հայոց բանակն ու հայ զինվորը ի՞նչ արժեք ունեն ներկայիս իշխանությունների համար:
- Չէի ցանկանա իշխանությունը բանակից առանձնացնել, քանի որ մենք բանակից թանկ ոչինչ չունենք, բայց չծառայածը՝ ծառայածի գինը երբեք իմանալ չի կարող: Ազգային ժողովի և կառավարության մեծ մասը բոլորս գիտենք, որ դասալիքներ են: Ես ամեն ինչ անում եմ, որ էն վիշտը, որ ես տեսել եմ հայ ազգի մեջ ոչ մի մայր չտեսնի:
- Վերջերս Ձեր դեմ դատական հայց էր ներկայացվել մարտի 1-ի զոհերից մեկի հարազատների կողմից,այն բանի համար,որ դուք ընդամենը նշել էիք,որ ինչո՞ւ են մարտի 1-ի զոհերին մեծ գումարներ տրամադրում,իսկ սևազգեստ մայրերին՝ ոչ: Ի՞նչ նորություն ունեք ձեր դեմ ուղղված դատական հայցից:
- Ես պատրաստ եմ դատարանում պատասխանել իմ ամեն խոսքի համար, որ թալանի և աթոռակռվի համար զոհերին ավելի շատ են գնահատում մեր իշխանությունները, քան առաջնագծում զոհված հերոսներին: Վերջին շրջանում համաճարակի հետ կապված աջակցությունների ցանկում, որևէ տեղ չկա զոհված զինծառայողների ընտանիքների մասին որևէ խոսք: Մեզ ոչ մի հարցում ուշադրություն չեն դարձնում: Երևի թե այս կառավարությունն ալերգիա ունի զոհված զինծառայողների ընտանիքներից:
- Վերջերս մի շարք սևազգեստ մայրեր հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ, և Նիկոլ Փաշինյանը կարծես թե նրանց գլխի տակ «փափուկ բարձ» դրեց: Այդուհանդերձ, դուք ի՞նչ եք կարծում այդ հանդիպումը կտա՞ արդյունք:
- Զերծ կմնամ իրավական գնահատականներ տալ:Տա Աստված, որ Փաշինյանն իրենց օգնի, եթե օգնի:
Հայկ Գևորգյան