ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող շուրջ 1,5 միլիոն դոլարի աջակցությունը, որով Արցախում և հարակից տարածքներում իրականացվում էր ականազերծման աշխատանքներ: Նշենք, որ այս որոշման մասին, դեռևս փետրվարին, հայտարարել էր ԱՄՆ կոնգրեսական հայկական խմբի անդամը: Նա զգուշացրել էր, որ պետդեպարտամենտում մտադիր են վերացնել Արցախին հատկացվող օգնությունը: Եվ, չնայած նա այդ որոշումն անտրամաբանական էր համարել և պնդել, որ հիմքեր չկան, այնուամենայնիվ, արդեն օրեր շարունակ հստակ որոշումը շրջանառվում է լուրերում և ՀՀ ԱԳՆ-ն այն չի հերքում:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ ԼՈՒՐԵՐ․ com-ը զրուցել է ծրագրի դադարեցման պատճառների և հետևանքների մասին:
«Դեռևս 2000-ական թվականներից իրականացվող այդ ծրագիրը նախատեսված էր կոնկրետ ժամկետով և ուներ սահմանափակ բյուջե: Մեր ամերիկացի գործընկերները, դեռևս անցած տարվանից, հիշեցնում էին, որ ծրագրի ժամկետները սպառվում են և ծրագիրը մոտենում է իր ավարտին: Սա առաջին պատճառն է, որ ծրագիրը դադարում է, իսկ երկրորդ կարևոր պատճառն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը վարում է հստակ քաղաքականություն արտաքին ֆինանսավորումները կրճատելու ուղղությամբ»:
Խնդրեցինք անդրադառնալ ընդդիմադիրների և փորձագետների այն տեսակետերին, որոնց համաձայն՝ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ Հայաստանի նոր իշխանությունը չի կարողացել գտնել ԱՄՆ-ի հետ երկխոսելու, ԱՄՆ-ին նոր գաղափարներ ու ծրագրեր առաջարկելու միջոցներ, և հայ-ամերիկյան հարաբերությունները մինչ օրս ընթանում են բացառապես նախկին իներցիայով: Ի պատասխան այս պնդման՝ Հայրապետյանն ասաց, որ այդպիսի հայտարարություններով, հատկապես ընդդիմադիրները, փորձում են օգտվել մարդկանց չիմացությունից:
«ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը, վստահ կարող եմ ասել, որ խորհրդարանական մակարդակում մի քանի աստիճան վերև է բարձրացել: Այդ համագործակցության ակնհայտ արդյունքները շուտով ակներև կդառնան: Կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց ԱՄՆ կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցների այցն Արցախ: Այցով նախատեսվում էր, որ աշխատակիցները դիտորդական առաքելություն պետք է իրականացնեին սպասվող ընտրությունների ընթացքում: Սա ևս վկայում է, որ մեկ ծրագրով բնորոշել ամբողջ հարաբերությունները, պետք չէ: Մենք հետ չենք կանգնում ծրագիրը երկարաձգելու և կրկին ֆինանսավորում ստանալու գործընթացից: Խորհրդարանական դիվանագիտական խումբն ու գործադիրի դիվանագիտական խումբը միասին աշխատում են այս ուղղությամբ»:
Պատգամավորի պնդմամբ՝ այդ համագործակցության արդյունքում մոտ 70 կոնգրեսականներ դիմել են կոնգրեսի հատկացումների հանձնաժողով՝ կոչ անելով, որ 2021 թվականի ֆինանսների կառավարման մեջ կրկին հաշվի առնեն ծրագիրն ու տրամադրեն ֆինանսավորում:
«Դեռ պարզ չէ ծրագրի հետագան, սակայն մեր ԱՄՆ գործընկերներն իրենք կոչ են արել այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնել: Նրանք հանդիպումների ընթացքում միշտ մատնանշել են իրենց կառավարության որգեգրած քաղաքականությունը, որով ոչ միայն Արցախին, այլև շատ այլ պետություններին հատկացվելիք ֆինանսները կամ կրճատվել են, կամ դադարեցվել»:
Պատգամավորը ականազերծման գործընթացը շատ կարևոր է համարում, և, եթե ԱՄՆ-ն չվերանայի որոշումը, ապա նրա կարծիքով, անպայման, այլ միջոցներով պետք է այն իրականացվի:
Նշենք, որ փորձագետների կարծիքով՝ ծրագրի դադարեցման որոշման մեջ իրենց մեծ «ներդրումն» ունեն ադրբեջանցի լոբբիստները, որոնք շատ ակտիվ գործունեություն են ծավալում վերջին շրջանում: Նրանք մեծամասամբ աշխատում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հետ և բավական մեծ գումարներ են ծախսում լոբբիզմի նպատակով: Հնարավոր է՝ հենց այդ աշխատանքի արդյունքն է, որ Ադրբեջանին հատկացվելիք օգնության ծավալները պահպանել:
Տեղեկացնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի իրավական հարցերով օգնական Էլիաբեթ Թեյլորը ասել է, որ Արցախին հատկացվող այդ օգնության փոխարեն պետդեպարտամենտը կարող է ֆինանսավորել մեկ այլ ծրագիր, որն ուղղված է լինելու բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը: Այս ծրագրի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Որպես ամփոփում ընդգծենք, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ պետությունն էր, Հայաստանից բացի, որը թեև չի ճանաչում Արցախի պետականությունը, այնուամենայնիվ, ուղիղ օգնություն էր հատկացնում Արցախին: Ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ ականազերծման աշխատանքների արդյունքում ականազերծել են մոտ տասը հազար կասետային ռումբ և ական, դրա շնորհիվ փրկվել է հարյուրավոր մարդկանց կյանքեր: