Առողջապահություն
190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)
190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) 22/03/2020 18:17

Կորոնավիրուսով վարակված և ՀՀ հիվանդանոցներում գտնվող անձնանց մեծ մասի առողջական վիճակը բավարար է, և միայն 14-ի մոտ է գրանցվել թոքաբորբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«190 հաստատված հիվանդների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։ Միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, և նրանցից 6-ի մոտ կա այնպիսի վիճակ, որ կարիք ունի ինտենսիվ թերապիայի։ Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում։ Այս 6 քաղաքացիների վիճակն այս պահին գնահատվում է կայուն, սակայն պահանջում է մշտական հսկողություն, ինչը իրականացվում է»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը։

Նա մանրամասնեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը հիմնականում բարդանում է այլ քրոնիկական հիվանդություններ ունեցող և տարեց անձանց մոտ, և նշված 6 քաղաքացիների մոտ կան ուղեկցող հիվանդություններ։ Արսեն Թորոսյանը հավելեց, որ թոքաբորբ ունեցող մյուս քաղաքացիներն ստանում են սիմպտոմատիկ բուժում։ Թոքաբորբ չունեցող քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, առավելագույնը՝ ջերմիջեցնողներ, և գտնվում են բժշկական հսկողության տակ։  

«Շուտով կլրանա բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը և նրանք, հավանաբար, կգնան իրենց առօրյա կյանքին»,- նկատեց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հիվանդանոցները մի քանիսն են, և այդտեղ ծավալվում են համապատասխան բժշկական ծառայություններ։

ՀՀ առողջապահության նախարարը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրատվությանը, հիգիենայի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունը, հետևել պարետատան ցուցումներին ու սահմանափակումներին, քանի որ առանց դրանց հետևելու ավելի դժվար կլինի կանխարգելել հիվանդության տարածումը։

Այլ հոդվածներ
Կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք է հաստատվել
Կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք է հաստատվել
Մահացած 3 քաղաքացիներից մեկը չի ունեցել քրոնիկ հիվանդություններ. ԱՆ
Մահացած 3 քաղաքացիներից մեկը չի ունեցել քրոնիկ հիվանդություններ. ԱՆ
«Կրկին իրավիճակի սրում ունենք». վարչապետ
«Կրկին իրավիճակի սրում ունենք». վարչապետ
Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք
Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք