Սպորտ
ՍՈԼԱՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԹԱՆԿ ԱՐԺԵՆԱԼ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ
ՍՈԼԱՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԹԱՆԿ ԱՐԺԵՆԱԼ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ 13/02/2020 15:57

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրերս հայտարարեց Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին` միևնույն ժամանակ նշելով, որ մոտ ապագայում հայտնի կդառնա հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:

Մամուլում արդեն իսկ սկսել են լուրեր շրջանառվել, որ ՀՖՖ ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են համաձայնության հասնել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ և մեր տեղեկություններով բանակցություններն արդեն սկսված են։

Ենթադրվում է, որ Սոլարիին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջինը ցանկանում է տեսնել հենց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբկյանը։ Գաղտնիք չէ, որ Մելիքբեկյանը իսպանական ֆուտբոլի կողմնակիցն է և պատահական չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը, գուցե հենց Մելիքբեկյանի ջանքերով, զբաղեցնում է իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսը, որի ծառայությունները բավական թանկ են նստում ֆեդերացիայի վրա։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ առաջ մամուլում մի շարք հրապարակումներ եղան Մելենդեսին տրվող աշխատավարձի վերաբեյալ։ Նշվում էր, որ իսպանացի մասնագետը տարեկան 1 մլն եվրո և ավելի աշխատավարձ է ստանում։ Հարցազրույցներին մեկում սրան անդրադարձել էր նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՖՖ նախագահի նախկին թեկնածու Թովմաս Գրիգորյանը։

Գրիգորյանը հասկացրել էր, որ Մելենդեսի աշխատավարձի չափը գաղտնի է պահվում և նույնիսկ տրվող աշխատավարձի մասով գրավոր հարցում է ուղարկել Մելիքբեկյանին, բայց այն անպատասխան է մնացել։

«Համացանցում տարբեր թվեր էին քննարկվում: Մելենդեսի աշխատավարձը 1 մլն եվրո է ՝ գումարած հարկերը, դա մոտ 1 միլիոն 3 կամ 400 հազար է կազմում: Լրագրողներն ու երկրպագուներն անընդհատ այդ մասին են հարցնում, ես էլ չէի ցանկանում ոչ ստույգ պատասխան տալ՝ հիմնվելով միայն իմ հիշողության վրա: Բնական է՝ սոցիալական նման իրավիճակում գտնվող երկրում բոլորին հետաքրքրում է այդ հարցը: Ի պաշտոնե հարցում ուղարկեցի Արմեն Մելիքբեկյանին, ու նա պարտավոր էր 24 ժամվա մեջ պատասխանել ինձ, արդեն ավելի քան 100 ժամ է անցել: ՀՖՖ-ում մութ սենյակներ են: Հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասել էր Գրիգորյանը։

Պարզ է, որ  Սոլարին մի քանի անգամ ավելի թանկ է արժենալու, քան Մելենդեսը։

Մենք փորձեցինք կապվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, սակայն չստացվեց։ Ֆեդերացիայի այլ աշխատակիցների հետ կապ հաստատել նույնպես չստացվեց։

«Հրապարակի» հետ զրույցում հայտնի մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը նշեց, որ առաջին անգամ է լսում, որ Սոլարիին ուզում են տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Նրանք ամեն ինչը գաղտնի են անում։ Եթե նախկինում քննադատում էին ու ասում, թե Վանեցյանը ինչու է ինքնուրույն որոշել, որ Աբրահամ Խաշմանյանը պետք է լինի հավաքականի մարզիչ, հիմա էլ իրենք են որոշում։ Չնայած առաջ էլ է այդպես եղել, ֆեդերացիայի նախագահն է որոշել՝ ով պետք է լինի։ Բնականաբար հիմա էլ նախագահն է որոշում ու բնականաբար փորձում է գաղտնի պահել դա»,- նշեց Բաղդասարյանը։

Փորձառու մեկնաբանի խոսքով՝ Սոլարին կարող է թանկ արժենալ ֆեդերացիայի համար։

«Եթե անգամ 1 մլն եվրո տան, դա էլի մեզ համար իհարկե շատ թանկ է։ Ես չեմ հասկանում՝ ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի ամբողջ գումարները տալիս են իսպանացի մասնագետների՞ն։ Հիմա Սոլորիին էլ այդքան տան, էլ տակը ի՞նչ է մնում, չեմ հասկանում։ Մելենդեսի գլխավորությամբ իսպանացի մասնագետները մեկ տարուց ավելի է՝ այստեղ են, ի՞նչ են տվել, ի՞նչ։ Նույնիսկ ծրագիրը չէին պատրաստել։ Ես չեմ տեսել, որ նրանք մանկապատանեկան ֆուտբոլում ինչ-որ բան են արել, ապացույցը խոշոր հաշվով այս պարտություններն են»,- ասաց Բաղդասարյանը։

Մեկնաբանը պնդում է, որ թե Մելենդեսը, թե Սոլարին չեն կարողանալու ինչ-որ բան փոխել։

«Մասայականությունը վերացել է, մարզերում, շրջաններում գրեթե ֆուտբոլ չկա, վերացել է, որպես այդպիսին մենք կադրեր չունենք, հիմա այդ երկուսը հրաշագործնե՞ր են, որ միանգամից այս հարցերը լուծեն, ի՞նչ է, կախարդական փայտիկ ունե՞ն։ Ես հազար անգամ ելույթ եմ ունեցել և ասել, որ մեր մարզիչներին հարկավոր է նորմալ վճարել, որ էս մարդիկ չգնան այստեղ-այնտեղ փորձեն հացի խնդիր լուծեն, ամբողջովին նվիրվեն իրենց մասնագիտությանը, աշխատանքին, պետք է նորմալ մարզել երեխաներին»,- նշեց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նկատում է, որ Մելենդեսին էլ հենց Մելիքբեկյանն է բերել ֆեդերացիա․

«Միանշանակ, դա այդպես է։ Նույնիսկ իրավիճակը մի ժամանակ այնպես էր,որ Մելենդեսն ասում էր՝ եթե Մելիքբեկյանը չլինի, կթողնեմ կգնամ։ Վաղուց գնայիր, քեզ ո՞վ է խնդրել։ Ի՞նչ է նշանակում մի տարվա ընթացքում այդքան աշխատավարձ։ Էդ գումարով կարող են ակադեմիաներ բացել, կարող են մարզիչներին լավ նախապատրաստել, կարող են այդ գումարով մարզիչներին որտեղ ասես ուղարկեն։ Այ այդպես մենք մեր կադրերը կունենանք, հիմա Մելիքբեկյանը ընտրվեց ու նրանց պահելու է, խոսք է տվել, որ առնվազն 2 տարի էլ պետք է պահի։ Գումարները քամուն են տալիս։ Ինչ վերաբերվում է Սոլարիին, նշեմ, որ երկրպագուներից շատերը ասում են՝ բարձրակարգ մարզիչ բերեք, բայց բարձրակարգ մարզիչը հո չի մտնելու մարզատաշտ սկսի խաղալ։ Մեզ նման երկրներում, եթե դու անհրաժեշտ մակարդակի ֆուտբոլիստներ չունես, դու չես կարող ուժեղ հավաքական ստեղծել, մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ մեր մարզիչներով պետք է փորձենք կամաց-կամաց առաջ գնալ։ Ես նորից եմ ասում, որ էս մարդիկ եկել են ու փողերը քամուն են տալիս, բայց դրանք հո իրենց գրպանից չեն դնում, դրանք հայկական ֆուտբոլի փողերն են։ Այսպիսի մարզիչ հրավիրելով ոչ օրինական ճանապարհով ընտրված ֆեդերացիայի այս ներկայացուցիչները երկրպագուներից կփրկվեն, բայց հենց արդյունքները չգոհացնեն, երկրպագուները սկսելու են ասել՝ ո՞նց եք այսքան փող տվել և այլն»։

Այլ հոդվածներ
«Շիրակ»-ն ընկերական խաղում հաղթել է «Սևան»-ին
«Շիրակ»-ն ընկերական խաղում հաղթել է «Սևան»-ին
Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ
«Նոա»-ն նոր դարպասապահ ունի
«Նոա»-ն նոր դարպասապահ ունի
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը