Տնտեսություն
Արևային պանելների, հանքային ջրերի արտադրություն. Լոռու մարզպետը ներկայացրեց ներդրումային ծրագրերը
Արևային պանելների, հանքային ջրերի արտադրություն. Լոռու մարզպետը ներկայացրեց ներդրումային ծրագրերը 11/02/2020 17:38

Լոռու մարզի համար 2019 թվականը դրական էր, զգալի աշխատանք է արվել տարբեր ոլորտներում: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ 2019 թվականին մարզում իրականացվել են 50-ից ավելի սուբվենցիոն ծրագրեր՝ ընդհանուր 1.8 մլրդ դրամի: Դրանից  925 մլն-ը համայնքների ներդրումն է, մնացածը՝ պետական միջոցներն են:

«Ծրագրերի ծավալը 2019 թվականին 2018-ի համեմատ մի քանի անգամ ավելին է եղել: Արդեն կարող ենք ասել, որ 2020 թվականին ևս ավելին է լինելու, շուրջ 5 մլրդ դրամի՝ 102 ծրագիր: Սա խոսում է այն մասին, որ համայնքները դրական են արձագանքում այս մոտեցմանը և տարեցտարի այդ ծրագրերի թիվն ավելանում է: Ի դեպ, հիմնական մասնակիցները խոշորացված համայնքներն են, որոնք ունեն ավելի մեծ ֆինանսական միջոցներ»,-ասաց նա: 2020 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը կապված են ճանապարհաշինարարական աշխատանքների, լուսավորության, ջրագծերի, բազմաբնակարան շենքերի վերանորոգման հետ: Մարզպետն ուրախալի համարեց այն, որ այս տարի ունեն հնարավորություն նաև երրորդ կողմ ներգրավելու: Բարերարները, մարդիկ, ովքեր տեղի համայնքից են, ապրում են արտերկրում, կարող են այս ծրագրով ներդրում կատարել, որովհետև իրենց դրած գումարը փաստորեն ավելանում է համայնքի, պետության կողմից ու կարող են ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարել:

Մարզում սեփական եկամուտների հավաքագրման առումով աննախադեպ ցուցանիշ է գրանցվել 2019 թվականին:  2019 թվականին սեփական եկամուտների հավաքագրումը եղել է 2 մլրդ 525 մլն: Այս հավաքագրման հաջող գործընթացը, ըստ մարզպետի, կապված է սուբվենցիոն ծրագրերի հետ: Այն համայնքներում, որտեղ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, բնակիչները տեսնում են կոնկրետ արդյունք և իրենց համար պարզ  է դառնում, թե ինչու պետք է վճարեն հարկերը: Այստեղ նա ընդգծեց նաև համայնքապետերի հետևողական աշխատանքը:

Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքները ևս մարզի իշխանությունների ուշադրության կենտրոնում են: 2019 թվականին մոտ 100 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է: Հնարավորություն կա 2020 թվականին մնացած 60 ընտանիքի բնակարանային խնդիրը վերջնական լուծելու:

Մարզում մեծ ներուժ կա տուրիզմի զարգացման տեսանկյունից: Վերջին շրջանում նկատվում է ակտիվություն հյուրանոցների, հյուրատների կառուցման տեսանկյունից: Տարեց տարի զբոսաշրջային նոր պրոդուկտներ են ներկայացվում: Ավանդական պատմամշակութային օբյեկտներից բացի մարզը հետաքրքրում է քայլարշավային տուրիզմի, ռաֆթինգի տեսանկյունից: Արդեն դիտարկվում են զիպլայնների բացման ծրագրերը:

Ամենամեծ ներդրումը, ըստ մարզպետի, չինական ընկերության կողմից մարզում հանքային ջրերի ներդրումային ծրագիրն է: Գարնանն արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները: Այն Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում է լինելու: Ստեփանավանում առկա են 40-50 հա հողի ձեռքբերման գործարքներ, նախատեսվում է արևային պանելների արտադրություն, մեծ անասնագոմերի կառուցում և այլն:

Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա մարզպետը տեղեկացրեց, որ այս առումով բավական ծավալուն աշխատանքներ են նախատեսված: Ընդհանուր առմամբ 14.8 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվելու: Հիմնանորոգվելու է 112 կմ ճանապարհ:

Այլ հոդվածներ
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է
Դոլարի, եվրոյի ու ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Դոլարի, եվրոյի ու ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի
Հայկական ապրանքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոններ
Հայկական ապրանքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոններ