Շատիվանքը կառուցվել է 10-17-րդ դդ.-ում, սկսված 929 թ.-ից: Գտնվում է Շատին գյուղից 4 կմ արևելք՝ Եղեգիսի ձախ ափին, լեռնալանջին: Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը: Ըստ պատմիչի՝ վանքը եղել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»: Շատինում պահպանվել են 10–14-րդ դարերում բազմաթիվ խաչքարեր, վիմագիր արձանագրություններ և դրանց բեկորներ: 14-րդ դարից հետո վանքը անկում է ապրել. հավանաբար ավերվել է, որովհետև 17-րդ դարի կեսին նույն տեղում փաստորեն նոր վանք են կառուցել: Շատին վանքը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ունեցել 90 միաբան: Նրա տնտեսական հզորության վկայությունն են արտադրական (ձիթհան, ջրաղաց) ու մեծաքանակ օժանդակ շինությունները, ջրանցքը և կամուրջը: Վանքի բարգավաճմանը նպաստել են նրա հարմար աշխարհագրական դիրքը (Նախիջևանը և Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա տեղադրված լինելը) և սերտ կապերը Ջուղայի ու Գողթն գավառի հետ: Շատին վանքը եղել է նաև նշանավոր գրչության կենտրոն, և այդ գործում մեծ ավանդ ունի Հակոբ Ջուղայեցին, որի գրչին է պատկանում ձեռագրերի մի մասը: Շատին վանքի մշակութային և տնտեսական ծաղկման գործում Հակոբ Ջուղայեցու ունեցած մեծ վաստակի աննախադեպ գնահատականն է դեռ կենդանության օրոք՝ 1661 թվականին նրա պատվին կանգնեցված խաչքարը: Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի