Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ 02/11/201919

Եկեղեցի Թանահատի Սբ. Ստեփանոս (Թանահատի վանք): Կառուցվել է 491թ-ին: Գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Արևիս գյուղից 3 կմ հյուսիս՝ Սիսիան գետի վերին հոսանքի աջափնյակում: Թանահատի վանքը Սյունիքի նշանավոր վանական համալիրներից է: Վանքի Ս. Ստեփանոս Նախավկայի անունը կրող եկեղեցին միանավ բազիլիկ շինություն է, բեմի լրիվ պայտաձև կամարով: Կառուցված է կարմրավուն քարից, այդ է պատճառը, որ տեղացիներն այն կոչում են «Կարմիր վանք»: Շարվածքը դրսից և ներսից կատարված է խոշոր, սրբատաշ քարերով, մուտքերը երկուսն են` հարավային և արևմտյան: Հարավային կողմում ունեցել է սյունասրահ: Ստ. Օրբելյանը, թվարկելով Սյունիքի երեսուն խոշոր վանքերն ու եկեղեցիները, գրում է, որ առաջինը, Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաշատության աղբյուրը, Տաթևն է: Նրան հաջորդում է մեծ առաքինարան Թանահատի վանքը: Օրբելյանը տալիս է նաև վանքի անվան մեկնաբանությունը. վանքի կրոնավորները` հեռացած ամեն տեսակի փափուկ կերակուրներից, միայն բանջարեղենով ու ընդեղենով էին սնվում` հրաժարվելով անգամ թանից: Այդ պատճառով էլ թանահատներ կոչվեցին, այստեղից էլ վանքի անունը` Թանահատի վանք: Ըստ ավանդույթի ` վանքը հիմնադրել է Մխիթար ճգնավորը, որի գերեզմանն էլ գտնվում է վանքի մոտ: Ղ. Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հնում գոյություն է ունեցել Անահիտ Աստվածուհու մեհյանը: Այժմ կանգուն է եկեղեցու հյուսիսային պատը` գրեթե ամբողջությամբ, հարավային, արևելյան ու արևմտյան պատերը պահպանվել են մասնակիորեն` 1.5-2մ բարձրությամբ: Տանիքը` բացի բեմի կամարից, փլված է, իսկ բեմի կամարը 1976թ. վերականգման նախագիծ կազմելու ընթացքում քանդվել, համարակալվել և, եկեղեցուց մոտ 70 մ հեռավորության վրա, իր նախական ձևով դասավորվել է գետնին: Եկեղեցուց հարավ գտնվող սյունասրահից կանգուն է մնացել սյուներից մեկը` մոտ 1.8 մ բարձրությամբ: 2013թ. հարավային պատից մի մեծ հատված փլվել է, փլվածքը թափվել է սյունասրահի մեջ` վնասելով սրահի գետնին ընկած սյունը: Վանքի շրջակայքում կան բնակավայրի, խոշոր, անմշակ գերեզմանաքարերի ու խաչքարերի մնացորդներ: Շրջակայքում թափված քարաբեկորների մեջ հանդիպում ենք քանդակազարդ խոյակներ, սյուների, պատվանդանների և քիվերի ամբողջական կամ վնասված մնացորդներ, որոնք վկայում են վանքի երբեմնի վեհության ու գեղեցկության մասին: 1975թ. վանքի ավերակներում հայտնաբերվել և այժմ Էրեբունի թանգարանում է պահվում ուրարտական Արգիշտի II արքայի (մ.թ.ա. VII դ.) թողած սեպագիր մի արձանագրություն` փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին: Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է
Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները
«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը
«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը
Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին
Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին