Տնտեսություն
Խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, նավթամթերքի ոլորտներում
Խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, նավթամթերքի ոլորտներում 16/04/2021 13:14

բեռնափոխադրում

Տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, հեղուկացված ածխաջրածնային գազերի և նավթամթերքի ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը․

Սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ են մտնելու 07.06.2021-ին: Կատարված փոփոխությունները նախատեսում են.

Հեղուկացված ածխաջրածնային գազերի լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի վերաբերյալ՝ կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք:

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է վառելիքաբաշխիչ սարքավորումների մոտ տեղադրել ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը իրականացնել այդ տարայի միջոցով (Սույն կետն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու օրվան հաջորդող 60-րդ օրը):
Բարձրացվում է գազի և բենզինի լցակայաններում չափագիտական կամ վառելիքի որակին առնչվող խախտումների համար սահմանված տուգանքների չափը, քանի որ դրանք մինչ այժմ եղել են չափազանց ցածր և չեն կատարել իրենց զսպող-պատժող գործառույթը: Ըստ կատարված փոփոխությունների նախատեսվում է.

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում մեկ միլիոն դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով (երկու միլիոն դրամ):

Բենզալցակայաններում ու գազալցակայաններում տեսակը չհաստատված և չստուգաչափված չափման միջոցներով վաճառք իրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ հարյուր հազար դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (մեկ միլիոն դրամ):

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (երկու հարյուր հազար դրամ): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (հինգ հարյուր հազար դրամ):

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը և (կամ) դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը կամ տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (հինգ հարյուր հազար դրամ): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (մեկ միլիոն դրամ):

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն, առաջնային համարելով տնտեսավարողների ու քաղաքացիների շրջանում իրազեկման և կանխարգելման իր գործառույթը, հորդորում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով զբաղվող տնտեսավարողներին՝ գործունեության ընթացքում թույլ չտալ խախտումներ, որոնք կվտանգեն քաղաքացիների անվտանգությունը, քաղաքացիներին կպատճառեն դրամական վնաս, և կհանգեցնեն տվյալ տնտեսավարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու:

Այլ հոդվածներ
Հեղափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը խուսափել է 375 հազար դրամ հարկային պարտավորությունից
Հեղափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը խուսափել է 375 հազար դրամ հարկային պարտավորությունից
Եվս  25,415 մլն եվրո ֆինանսավորում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Եվս 25,415 մլն եվրո ֆինանսավորում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել
Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել
Զատիկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն միայն Լարսում առաջացած խոչընդոտներով․ «Արաքս» թռչնաֆաբրիկա
Զատիկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն միայն Լարսում առաջացած խոչընդոտներով․ «Արաքս» թռչնաֆաբրիկա
«ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը». Արկադի Խաչատրյան
«ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը». Արկադի Խաչատրյան