Մշակույթ
«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ
«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ 29/03/2021 20:36

«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի ուսանող, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հարազատները, ընկերները, դասախոսներն ու մտերիմները նրա հիշատակը հարգեցին Գագիկին նվիրված համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Այս կյանքում այսքանը…» խորագրով երեկոն տեղի ունեցավ մարտի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգին ելույթ ունեցան Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանի շրջանավարտները, Գագիկի ընկերները։ Հնչեցին հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Գագիկի մտերիմ ընկեր  Տիգրան Քախվեջյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Գագիկի հետ ծանոթացել է 2013 թվականին «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում: «Նա ընկերասեր էր, անմիջական, միշտ ցանկանում էի ինչ-որ լավ բան անել մարդկանց համար, օգնել, նվիրված էր: Նա շատ մեծ միջավայր ուներ. մտերիմ էր ինչպես երգիչների, երաժիշտների, այնպես էլ նկարիչների և այլ մասնագիտություն ունեցող անձանց հետ»,-պատմում է Տիգրանը:

 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Նրա խոսքով՝ Գագիկը շատ էր ցանկանում մեծ երաժիշտ դառնալ: Այդ նպատակով Գագիկը մասնակցել է մի շարք  երաժշտական մրցույթների, նախագծերի, բայց  մեծ հաջողությունների չի հասել, այնինչ կոնսերվատորիայի օպերային ստուդիայում նկատվել է, սիրվել: «Երբ ավարտեցինք չորրորդ կուրսը, և Գագիկը պատրաստվում էր նաև մագիստրատուրա ընդունվել, զորակոչվեց բանակ: Պատերազմի ընթացքում նրա հետ չեմ խոսել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան նրան հաղորդագրություն գրեցի, որն անպատասխան մնաց: Շատ էր ցանկանում որպես երգիչ ընդգրկվել Ստեփանակերտի երգչախմբում: Այն երգիչները, որոնք ծառայության էին անցնում Արցախում, կարող էին քննություն հանձնել և ընդգրկվել Ստեփանակերտի երգչախմբում: Նրա հետ մեկնած  բոլոր երգիչները հաջողեցին, իսկ Գագիկը՝ ոչ: Նրան ուղարկեցին Ջրական (Ջաբրայիլ): Գագիկը շատ ընկճված էր, բայց հետո հարմարվեց: Կրտսեր սերժանտ էր: Երբ հնարավորություն ունեցավ տեղափոխվել Ստեփանակերտ, չցանկացավ՝ նշելով, որ արդեն հարմարվել է տեղին, ընկերներ ձեռք բերել»,-հիշում է Տիգրանը:

Նա պատմում է, որ Գագիկի ծննդյան օրը կեսգիշերին ընկերներով տորթ են պատվիրել և այցելել Գագիկենց բնակարան: Դուռը բացել է նրա հայրը՝ ասելով, որ որդին տանը չէ: «Վստահ եմ, որ Գագիկը գիտեր՝ այցելելու ենք իրեն, բայց քանի որ համոզված էր, որ կսպասենք մինչև գա, որոշել էր ավարտել բոլոր գործերը, նոր վերադառնալ տուն: Մի անգամ էլ շատ լավ անակնկալ մատուցեց մեզ: Մեր ընկերներից մեկի քրոջ ծննդյան օրն առանց զգուշացնելու բանակից եկավ, իսկ ավելի ուշ ծաղիկներ գնեց մոր համար ու գնաց տուն»,-վերհիշում է Տիգրանը:

Նա խոստովանում է, որ ծանր ժամանակներ են, բայց պարտավոր են հիշել, գնահատել և համերգով հարգել Գագիկ Խաչատուրյանի հիշատակը:

Գագիկ Խաչատուրյանը սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):

Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժին։ 2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։

Անժելա Համբարձումյան

Այլ հոդվածներ
Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ
Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ
«Երևանյան բեսթսելեր». «Գաղտնիքների տիրակալը»՝ առաջատար, հայ գրականություն, մայիս, 2021
«Երևանյան բեսթսելեր». «Գաղտնիքների տիրակալը»՝ առաջատար, հայ գրականություն, մայիս, 2021
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
Այսօր կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը
Այսօր կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները