Ռազմական
Հրամանատարությունն իր վրա վերցնելը դժվար էր, բայց դիրքը պետք էր ամեն գնով պահել. հերոսապատում՝ Արցախի առաջնագծից
Հրամանատարությունն իր վրա վերցնելը դժվար էր, բայց դիրքը պետք էր ամեն գնով պահել. հերոսապատում՝ Արցախի առաջնագծից 26/11/2020 16:56

Հրամանատարությունն իր վրա վերցնելը դժվար էր, բայց դիրքը պետք էր ամեն գնով պահել. հերոսապատում՝ Արցախի առաջնագծից

բեռնափոխադրում

«Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մեզ արդեն հարազատ դարձած մարտական դիրքերից մեկում ենք: Դիրքապահներից թեյի հրավեր ենք ստացել, վառարանի կողքին նստած համոզում ենք պատմել, թե ինչպես են կասեցրել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: Տղերքն իրար են նայում, լռում, հետո մեկն ասում է.
-Տղե՛րք, Ուստյանին կանչեք, թող գա իրա հերոսությունը ինքն էլ պատմի:
Կանչում են իրենց մարտական ընկերոջը՝ սերժանտ Հմայակ Ուստյանին, ով դասակի հրամանատարի՝ ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանի զոհվելուց հետո, վաշտի հրամանատարի ցուցումով գերազանց վարել է մարտը, որից հետո իրենց դիրքում դիվերսանտների միայն դիակներն են մնացել:
Հմայակը գալիս, նստում է կողքիս, աչքերը կկոցում ու փորձում վերհիշել կատարվածը.
-Սեպտեմբերի 28-ին ենք եկել այս դիրք: Ամսի 29-ին, ժամը մոտավոր 3-ին 10 պակաս, հակառակորդի հրետանին սկսել է այս դիրքի վրա աշխատել: Ես ու դասակիս հրամանատար Արտյոմ Եղոյանը խրամաբջջում կանգնած էինք: Տասը րոպե անց հրետանու աշխատանքը դադարեց,-բոլոր մանրուքները ներկայացնելով պատմում է զինվորն ու հիշում ավագ լեյտենանտի անխուճապ խոսքերը՝ գալիս են…
Սերժանտը տխրությամբ է պատմում, որ այդ ասելուց հետո Եղոյանը դուրս է եկել խրամաբջջից ու տեսել, որ մի քանի դիվերսանտ արդեն խրամատում են: Միանգամից ПК-ով կրակ է վարել, դիրքի անձնակազմին արագ հրահանգավորել է, մի քանիսին աջ կողմ ուղարկել, ու երբ փորձել է ինքը ներքև գնալ՝ դիպուկահարի կրակոցից զոհվել է:
Դասակի հրամանատարի զոհվելուց հետո Հմայակը ևս դուրս է եկել խրամաբջջից, վաշտի հրամանատարին հարցրել, թե ինչ է պետք անել ու հրահանգ է ստացել վարել մարտը, մինչև մյուս դասակի հրամանատարը կհասնի:
-Մյուս դասակի հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Տիգրան Միկոյանը, Եղոյանի ընկերն էր: Կողքի դիրքից գալիս, իմացել է, որ ընկերոջը խփել են, առաջ է եկել, այդտեղ իրեն էլ են խփել,-պատմում է Ուստյանն ու կիսամութ տարածությունում նկատում եմ, ինչպես է աչքերը տարուբերում, որ ներսում եղած ցավը չխանգարի խոսել:
Հերոսը կարողանում է իրեն կառավարել ու շարունակում է.
-Դրանից հետո ես եմ հրաման տվել, թե ով ինչ անի, ուր գնա, ուր կրակեն, որ կողմի վրա աշխատեն մինչև մեզ օգնություն կհասներ: Երբ մեր հրետանին սկսեց աշխատել, հակառակորդը զոհեր տալով փախավ: Դրանից հետո այս դիրքի վրա էլ հարձակում չի եղել: Ցավոք երեք զոհ ու ութ վիրավոր ենք ունեցել, որից հինգը խրամաբջջում են եղել ու իրենց վրա գցած գրանատից են վիրավորվել:
Երբ վիրավորների վիճակից եմ հարցնում, ժպիտ է հայտնվում զինվորի աչքերում, ասում է տղերքը լավ են, կազդուրվում են:
Ուզում եմ էլ չտխրեցնել, հարցնում եմ ինչպե՞ս է կողմնորոշվել, թե երբ ինչ պետք է «հրամայի», ասում է՝ դժվար էր հրամանատարությունն իր վրա վերցնելը, բայց երբ մտածել է, որ պետք է դիրքը ամեն գնով պահել, պարտավորված է զգացել.
-Այդ ժամանակ ավելի մեծ խնդիր է դրվում քո առաջ, որը պարտավոր ես անել ու անելը հերոսություն է: Այդ զգալով շատ հանգիստ եմ ամեն ինչ արել: Հիմա ուղղակի կյանքին մի փոքր ուրիշ ձևով եմ նայում:
Զինվորն ընտանիքին իր հերոսությունը չի պատմել, բայց ասում է իմացել են:
Պատմությունն ավարտում է, դուրս ենք գալիս, որ լուսանկարեմ, քայլում ենք խրամատով, ուղեկցում է ու ամեն քայլափոխին ցույց տալիս հակառակորդի թողած հետքերը՝ իրերի տեսքով: Հետո մի ձյունածածկ թումբ է ցույց տալիս.
-Դիվերսանտների դիակներն են. այս կողմում երեքն են, մյուս կողմում յոթը:
Լռում ենք, քմծիծաղ տալիս ու վերադառնում վառարանի մոտ»:

Այլ հոդվածներ
Հադրութում և Ջրականում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի դի
Հադրութում և Ջրականում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի դի
Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր
Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր
Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, մեկը՝ քաղաքացիական անձի. Արցախի ԱԻՊԾ
Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, մեկը՝ քաղաքացիական անձի. Արցախի ԱԻՊԾ
ՊԲ զինծառայող է մահացել
ՊԲ զինծառայող է մահացել
Հունվարի 4-ի դրությամբ հայտնաբերվել է 1184 աճյուն․ ԱԻՊԾ
Հունվարի 4-ի դրությամբ հայտնաբերվել է 1184 աճյուն․ ԱԻՊԾ