Քաղաքականություն
Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին ՀՀ կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմաններ. Մնացականյան
Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին ՀՀ կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմաններ. Մնացականյան 19/09/2020 16:00

Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին ՀՀ կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմաններ. Մնացականյան

«Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով»,- ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շ «ալ-Ախբար» թերթին տված հարցազրույցում։ 

Հարց- Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառները:

Զ.Մնացականյան- Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանցքայինն այն է, որ սա Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու նոր փորձ էր: Այս առումով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները, որոնք ներկայումս չեն համապատասխանում իր հայտնի նպատակներին:

Սա ադրբեջանական կողմի փորձն էր` ռազմական առավելություն դրսևորելու Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը, ակնհայտորեն, ձախողվեց: Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմանները: Ավելին, հուլիսյան մարտերը վառ կերպով ցույց տվեցին, որ հակամարտութունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Հարց- Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բորբոքման հարցում:

Զ.Մնացականյան- Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Ուժի, ներթափանցման և միջամտության դրսևորմները Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն նպաստում ինչպես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հուլիյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական ​​մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով.

Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով:

Երկրորդ, Թուրքիան Հայաստանի դեմ ռազմատենչ կեցվածք դրսևորեց` նախաձեռնելով լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, որոնք ուղեկցվեցին չափազանց սադրիչ գործողություններով:

Երրորդ, մենք ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման, ինչն ամրապնդում և ընդլայնում է Թուրքիայի հետագա ներկայությունը:

Չորրորդ, տեղեկություններ են շրջանառվում Սիրիայում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով:

Մենք քաջատեղյակ ենք այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, որոնք մեծ տառապանք պատճառեցին տվյալ տարածաշրջաններում ապրող ժողովուրդներին: Ուստի, մենք պետք է շատ զգոն լինենք՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը:

Հարց. Ի՞նչպես եք դիտարկում Թուրքիայի հայտարարությունները ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ:

Զ.Մնացականյան- Միակ փաստը, որը մենք դիտարկում ենք և որը պետք է դիտարկվի, այն է, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է: Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը նշանավորվել է թե՛ իր շարունակականությամբ, և թե՛ հարցի ընկալման փոփոխությամբ:

Ճշմարտության, պատմական արդարության և մարդու իրավունքների համար մղվող այս պայքարը շարունակվում է մի քանի տասնամյակ և ծավալվել է բոլոր մայրցամաքներում։ Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն այսօր և ապագայում: Ցեղասպանությունն արդարացնող և ինքնությամբ պայմանավորված բռնություններ իրագործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերող պետությունը և դրա ղեկավարությունը սպառնալիք են, և պետք է հստակ մատնանշվեն որպես այդպիսին:

Հարց- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

Զ.Մնացականյան- Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մեր հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն: 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ՀՀ ԱԳն պաշտոնական կայքում։ 

Այլ հոդվածներ
Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ՀՀ ԱԳՆ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթը
Հայաստանը ՎԶԵԲ-ից 17 մլն եվրո վարկ կվերցնի
Հայաստանը ՎԶԵԲ-ից 17 մլն եվրո վարկ կվերցնի
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակացույցը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակացույցը