Քաղաքականություն
Հրապարակվել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը
Հրապարակվել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը 10/07/2020 16:48

Հրապարակվել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը կփոխարինի 2007թ. ընդունված ռազմավարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմավարությունը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա:

Սկզբունքներից առաջինն ուժեղ և բարեկեցիկ Հայաստանի ստեղծումն է, որպես սեփական անվտանգության երաշխավոր:

«Հայաստանի անվտանգության ապահովման համար հայոց պետության ուժն ու բարեկեցությունն այլընտրանք չունեն: Որպես պետություն, որը շահագրգռված է խաղաղության և կայունության պահպանմամբ և այդ ուղղությամբ անընդհատ կարողություններ է զարգացնում՝ Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում իր որոշիչ դերակատարման ուղղությամբ: Միաժամանակ, Հայաստանը կշարունակի մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը՝ խաղաղության աջակցության միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման միջոցով` որպես ոչ միայն միջազգային անվտանգության սպառող, այլ նաև ապահովող»,- նշված է ռազմավարության փաստաթղթում:

Երկրորդ հիմնարար սզկբունքն այն է, որ իր տրամաբանությամբ ռազմավարությունը կոչված է նպաստելու հեռահար նպատակին՝ հայոց պետականության հավիտենության ապահովմանը՝ մեզ պատրաստելով դիմակայելու մեր պետականությանը երբևէ սպառնացող հնարավոր վտանգներին: 

«Հայ ժողովուրդն այլևս պետք է հաղթահարի իր պետականության ձեռքբերման և կորստի արատավոր շրջապտույտը, որը տեղի է ունեցել նախկինում՝ հաճախ պայմանավորված մեզնից անկախ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդն այլևս պետք է հաստատի իր ինքնակայությունը հայոց պետականության հարցում, որի գոյությունը կախված չէ աշխարհաքաղաքական հանգամանքներից, այլ բխում է միայն հայ ժողովրդի կամքից: Այս նպատակի իրագործումը ենթադրում է համահայկական ջանքերի և կարողությունների մեկտեղում: Հայոց պետականությունը, որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացում, պատկանում է ՀՀ քաղաքացուն և համայն հայ ժողովրդին, որոնք էլ այդ պետականության կրողն են և շահերի պաշտպանը»,- նշված է ռազմավարության մեջ:

Երրորդ, մշտապես փոփոխվող աշխարհում առաջնային է դառնում զարգացնել Հայաստանի ներքին և արտաքին դիմակայունությունը՝ նոր, անկանխատեսելի մարտահրավերներին միշտ պատրաստ լինելու և դրանց արդյունավետորեն արձագանքելու համար: 

«Աշխարհաքաղաքական ծավալուն և հարընթաց փոփոխությունների պայմաններում ժամանակակից աշխարհակարգի հիմնարար սկզբունքների շուրջ ստեղծվել է անորոշություն. տեղի են ունենում ուժային վերադասավորումներ, թուլանում են միջազգային բազմակողմ հարթակները, իսկ պետությունների միջև փոխվստահությունը նվազում է: Ավանդական կանխատեսելի սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությունից զատ պետությունների և հասարակությունների առջև ծառանում է նաև անկանխատեսելի սպառնալիքներին դիմակայելու հրամայականը: Սրա ամենավառ օրինակը նոր տիպի կորոնավիրուսային համավարակի բռնկումն էր, որը հանկարծակիի բերեց աշխարհի առաջատար երկրների առողջապահական համակարգերը և համաշխարհային տնտեսությունը կանգնեցրեց ճգնաժամի առջև: Հենց դիմակայունության զարգացման տրամաբանությանն է միտված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հիմնված լինելով ազգային անվտանգության պլանավորման և ապահովման համազգային մոտեցման վրա: Ազգային անվտանգության համալիր ապահովման համար անհրաժեշտ է պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև հասարակության ջանքերի մեկտեղում: Պատահական չէ, որ ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական և ռազմական, այնպես էլ այլ՝ սոցիալական, տնտեսական, էներգետիկ, առողջապահական, գիտական, տեղեկատվական-տեխնոլոգիական բաղադրիչներ»,- ասված է փաստաթղթում:

Փոփոխվող աշխարհի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու, սեփական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովողի իր դերն արդյունավետ իրականացնելու համար Հայաստանը շարունակելու է մեծացնել իր միջազգային կշիռը։ Այս նպատակով Հայաստանը զարգացնելու է բոլոր ուժային գործիքակազմերը, այդ թվում «փափուկ ուժի» կարողությունները՝ շեշտը դնելով իր կարևորագույն ռեսուրսի՝ մարդկային կապիտալի վրա: Ընդ որում, մարդկային կապիտալը ևս դիտարկվում է աշխարհասփյուռ հայության ուժերի մեկտեղման համատեքստում:

40 էջանոց փաստաթուղթը բաղկացած է ներածությունից, 6 գլուխներից և եզրափակիչ դրույթներից: Ռազմավարության մեջ ներկայացված է Հայաստանի անվտանգային միջավայրը, ՀՀ ազգային շահերը, ռազմավարության նպատակներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է Հայաստանի Հանրապետության ազգային ռազմավարությունը:

«2007թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ և բազմաշերտ: Փոխվել է նաև Հայաստանը: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության իրագործմամբ ՀՀ քաղաքացին բարձր նշաձող է սահմանել պետության անվտանգության, զարգացման և բարեկեցության ապահովման համար: Նոր համատեքստում Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքը կառավարման ժողովրդավարական համակարգն է, որն ամուր հիմք է ստեղծում երկրի տնտեսական, քաղաքական, մտավոր, հետևաբար նաև ռազմական ներուժի հզորացման համար: Այս իրողությունները մեզնից պահանջում են ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն»,- նշված է ռազմավարության մեջ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության գլխավոր նպատակը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումն է՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք։ Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի ազգային շահերը և դրանց արդյունավետ պաշտպանության ռազմավարական ուղղությունները:

Այլ հոդվածներ
ԱՆ խոսնակը՝ Ա. Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին
ԱՆ խոսնակը՝ Ա. Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին
«Հանդիպելու եք այն Քոչարյանի և Սարգսյանի հետ, որոնց մեղադրում էիք կոռուպցիայի, երկիրը թալանելու մե՞ջ»․ լրագրողը՝ Վանեցյանին
«Հանդիպելու եք այն Քոչարյանի և Սարգսյանի հետ, որոնց մեղադրում էիք կոռուպցիայի, երկիրը թալանելու մե՞ջ»․ լրագրողը՝ Վանեցյանին
Սերգեյ Բագրատյանը՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին
Սերգեյ Բագրատյանը՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին
Վահրամ Ավետիսյանը մանրամասնում է՝ ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի հետ»
Վահրամ Ավետիսյանը մանրամասնում է՝ ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի հետ»
Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար
Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար