Հարցազրույցներ
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան 04/07/2020 16:19

«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան

Հուլիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»:

Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ թարգմանությունները վաղուց արդեն հրապարակված ու հասանելի են՝ ինչպես հանրության, այնպես էլ՝ ԱԺ-ի համար, ու անհասկանալի էր, թե այդ միջնորդության իրական նպատակը ո՞րն էր:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:

– Ես որքանով տեղեկացա այդ մասին եղած հրապարակումներից, գործադիր իշխանության կողմից այդ փաստաթղթերն արդեն թարգմանված և առցանց տեղադրված են, և այս տեսանկյունից փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչո՞ւ են հենց հատկապես ՍԴ-ից պահանջում դրանց հայերեն թարգմանությունները: Այնուհանդերձ այստեղ կարևորը, կարծում եմ, ամենևին դա չէ, այլ այն, որ Սահմանադրական դատարանն այս պահին ֆունկցիոնալ չէ, չի կարող գործել: Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան, որովհետև իշխանությունները ֆիզիկապես արգելում են ՍԴ 9 դատավորներից 3-ին մուտք գործել դատարան և իրենց գործառույթներն իրականացնել, 2 դատավոր գտնվում են արձակուրդում, և կարելի է ասել, որ այս պահին մենք ՍԴ՝ որպես գործող մարմին, չունենք: Հետևաբար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիմումը ՍԴ-ն այս պահին քննարկել չի կարող: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում այդ մասով միջնորդությունը, դժվարանում եմ ասել: Միգուցե նպատակը ևս մեկ անգամ հավաստիանալն էր, որ հուլիսի 7-ին ՍԴ-ն ինչ-որ կերպ չի հավաքվելու և որոշում չի կայացնելու կոնկրետ այդ գործով, այն դեպքում, երբ կարծեք թե դրա տեխնիկական հնարավորությունն անգամ չկա: Այդ դիմումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնկրետ այդ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթը ծայրից ծայր քաղաքական է, և իշխանությունները պատրաստ են ցանկացած ապօրինության և հանցագործության՝ այդ գործով իրենց ցանկալի նպատակին հասնելու համար:

– Աշխատակարգային նիստ գումարելու համար պարտադի՞ր է արդյոք ՍԴ դատավորների մուտքը ՍԴ վարչական շենք:

– Որքան ես եմ տեղյակ, այո: Նիստեր գումարվում են միայն առկա ռեժիմով, այսինքն՝ հեռավար նիստեր գումարելու հնարավորության մասին ես տեղյակ չեմ, չեմ կարծում, որ այդպիսի հնարավորություն կա, և ըստ այդմ՝ այո, ՍԴ դատավորները աշխատակարգային որոշումներ կայացնում են ՍԴ վարչական շենքում գումարվող նիստերով, իսկ դա այս պահին տեխնիկապես հնարավոր չէ:

– Այլ շենքում, մեկ ուրիշ տարածքում հնարավո՞ր չէ առկա աշխատանքային նիստ հրավիրել:

– Հիպոթետիկ հարց եք տալիս: Չեմ կարծում, որ ես իրավասու եմ կամ հնարավորություն ունեմ այդ հարցին պատասխանել: Եվ առհասարակ չեմ կարծում, որ ՍԴ դատավորներն իրենց հեղինակությամբ ու փորձառությամբ՝ այն մարդիկ են, որ պետք է ստիպված լինեն մտածել նման լուծումների մասին:

– Ակնարկեցիք, որ այս ամենի նպատակը նշված գործի քննությունը հետաձգելն է: Ենթադրաբար՝ իշխանությունները սպասում են ՍԴ նոր կազմի ձևավորմանը: Բայց արդյո՞ք նոր դատավորները կարող են հին վարույթներում ներգրավված լինել:

– Այս պահին դժվարանում եմ պատասխանել: Ամեն դեպքում մենք ունենք կոնկրետ գործեր, որոնք ունեն կոնկրետ զեկուցողներ, և այն դատավորները, որոնց իշխանությունները փորձ են անում ՍԴ-ից հեռացնել, իրենց վարույթում ունեն բազմաթիվ գործեր, և դա չի վերաբերում միայն այս գործին:

– Դուք տեսնո՞ւմ եք իշխանությունների կողմից որպես ՍԴ դատավորի թեկնածու ներկայացվող որևէ մեկի, ով հուլիսի 7-ին քննվող գործով հրապարակային դիրքորոշում ու կարծիք չի հայտնել:

– Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև մամուլում, ճիշտ է, անուններ են շրջանառվում, բայց ես չեմ կարծում, որ արժե այդ անունները քննարկել, քանի դեռ չկա որևէ պաշտոնական որոշում: Առաջինը, ըստ իրենց սահմանած հաջորդականության, պետք է կառավարությունը թեկնածու առաջադրի: Ուղղակի այս պահին ես կհիշեցնեմ մի բան: Երբ 2018թ. թեկնածություն էին ներկայացրել, այն մարդիկ, ովքեր այսօր Պառլամենտում են, նրանց մեծ մասի ջանքերով խափանվեց այդ թեկնածությունը՝ հիմնավորմամբ, որ պետք է բաց մրցույթ անցկացվի: Հիմա մենք կտեսնենք՝ բաց մրցույթ կանցկացնե՞ն, թե՞ այս անգամ ևս անսկզբունքայնություն կդրսևորեն:

Այլ հոդվածներ
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում
Շուշիի ազատագրման օրը Քոչարյանի բանտում գտնվելը՝ բոլորիս ամոթն է։
Շուշիի ազատագրման օրը Քոչարյանի բանտում գտնվելը՝ բոլորիս ամոթն է։