Հարցազրույցներ
Ինչու ԱՄՆ-ն դադարեցրեց Արցախին տրամադրվող օգնության ծրագիրը
Ինչու ԱՄՆ-ն դադարեցրեց Արցախին տրամադրվող օգնության ծրագիրը 24/03/2020 15:24

ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող շուրջ 1,5 միլիոն դոլարի աջակցությունը, որով Արցախում և հարակից տարածքներում իրականացվում էր ականազերծման աշխատանքներ: Նշենք, որ այս որոշման մասին, դեռևս փետրվարին, հայտարարել էր ԱՄՆ կոնգրեսական հայկական խմբի անդամը: Նա զգուշացրել էր, որ պետդեպարտամենտում մտադիր են վերացնել Արցախին հատկացվող օգնությունը: Եվ, չնայած նա այդ որոշումն անտրամաբանական էր համարել և պնդել, որ հիմքեր չկան, այնուամենայնիվ, արդեն օրեր շարունակ հստակ որոշումը շրջանառվում է լուրերում և ՀՀ ԱԳՆ-ն այն չի հերքում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ ԼՈՒՐԵՐ․ com-ը զրուցել է ծրագրի դադարեցման պատճառների և հետևանքների մասին:

«Դեռևս 2000-ական թվականներից իրականացվող այդ ծրագիրը նախատեսված էր կոնկրետ ժամկետով և ուներ սահմանափակ բյուջե: Մեր ամերիկացի գործընկերները, դեռևս անցած տարվանից, հիշեցնում էին, որ ծրագրի ժամկետները սպառվում են և ծրագիրը մոտենում է իր ավարտին: Սա առաջին պատճառն է, որ ծրագիրը դադարում է, իսկ երկրորդ կարևոր պատճառն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը վարում է հստակ քաղաքականություն արտաքին ֆինանսավորումները կրճատելու ուղղությամբ»:

 Խնդրեցինք անդրադառնալ ընդդիմադիրների և փորձագետների այն տեսակետերին, որոնց համաձայն՝ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ Հայաստանի նոր իշխանությունը չի կարողացել գտնել ԱՄՆ-ի հետ երկխոսելու, ԱՄՆ-ին նոր գաղափարներ ու ծրագրեր առաջարկելու միջոցներ, և հայ-ամերիկյան հարաբերությունները մինչ օրս ընթանում են բացառապես նախկին իներցիայով: Ի պատասխան այս պնդման՝ Հայրապետյանն ասաց, որ այդպիսի հայտարարություններով, հատկապես ընդդիմադիրները, փորձում են օգտվել մարդկանց չիմացությունից:

«ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը, վստահ կարող եմ ասել, որ խորհրդարանական մակարդակում մի քանի աստիճան վերև է բարձրացել: Այդ համագործակցության ակնհայտ արդյունքները շուտով ակներև կդառնան: Կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց ԱՄՆ կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցների այցն Արցախ: Այցով  նախատեսվում էր, որ աշխատակիցները դիտորդական առաքելություն պետք է իրականացնեին սպասվող ընտրությունների ընթացքում: Սա ևս վկայում է, որ մեկ ծրագրով բնորոշել ամբողջ հարաբերությունները, պետք չէ: Մենք հետ չենք կանգնում ծրագիրը երկարաձգելու և կրկին ֆինանսավորում ստանալու գործընթացից: Խորհրդարանական դիվանագիտական խումբն ու գործադիրի դիվանագիտական խումբը միասին աշխատում են այս ուղղությամբ»:

Պատգամավորի պնդմամբ՝ այդ համագործակցության արդյունքում մոտ 70 կոնգրեսականներ դիմել են կոնգրեսի հատկացումների հանձնաժողով՝ կոչ անելով, որ 2021 թվականի ֆինանսների կառավարման մեջ կրկին հաշվի առնեն ծրագիրն ու տրամադրեն ֆինանսավորում:

«Դեռ պարզ չէ ծրագրի հետագան, սակայն մեր ԱՄՆ գործընկերներն իրենք կոչ են արել այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնել: Նրանք հանդիպումների ընթացքում միշտ մատնանշել են իրենց կառավարության որգեգրած քաղաքականությունը, որով ոչ միայն Արցախին, այլև շատ այլ պետություններին հատկացվելիք ֆինանսները կամ կրճատվել են, կամ դադարեցվել»:

 Պատգամավորը ականազերծման գործընթացը շատ կարևոր է համարում, և, եթե ԱՄՆ-ն չվերանայի որոշումը, ապա նրա կարծիքով,  անպայման, այլ միջոցներով պետք է այն իրականացվի:

Նշենք, որ փորձագետների կարծիքով՝ ծրագրի դադարեցման որոշման մեջ իրենց մեծ «ներդրումն» ունեն ադրբեջանցի լոբբիստները, որոնք շատ ակտիվ գործունեություն են ծավալում վերջին շրջանում: Նրանք մեծամասամբ աշխատում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հետ և բավական մեծ գումարներ են ծախսում լոբբիզմի նպատակով: Հնարավոր է՝ հենց այդ աշխատանքի արդյունքն է, որ Ադրբեջանին հատկացվելիք օգնության ծավալները պահպանել: 

Տեղեկացնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի իրավական հարցերով օգնական Էլիաբեթ Թեյլորը ասել է, որ Արցախին հատկացվող այդ օգնության փոխարեն պետդեպարտամենտը կարող է ֆինանսավորել մեկ այլ ծրագիր, որն ուղղված է լինելու բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը: Այս ծրագրի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Որպես ամփոփում ընդգծենք, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ պետությունն էր, Հայաստանից բացի, որը թեև չի ճանաչում Արցախի պետականությունը, այնուամենայնիվ, ուղիղ օգնություն էր հատկացնում Արցախին: Ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ ականազերծման աշխատանքների արդյունքում ականազերծել են մոտ տասը հազար կասետային ռումբ և ական, դրա շնորհիվ փրկվել է հարյուրավոր մարդկանց կյանքեր:

Այլ հոդվածներ
Եթե մենք ունենք օրը երեք տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, կարող ենք ասել, որ երիտասարդի մահ կունենանք. Թորոսյան
Եթե մենք ունենք օրը երեք տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, կարող ենք ասել, որ երիտասարդի մահ կունենանք. Թորոսյան
Եթե պատերազմ սկսվի` «Ryanair»-ը իր ինքնաթիռները կվերցնի ու կգնա. կարծիք
Եթե պատերազմ սկսվի` «Ryanair»-ը իր ինքնաթիռները կվերցնի ու կգնա. կարծիք
Ես թշնամի չեմ ՀՀ վարչապետի հետ. Վիտալի Բալասանյան
Ես թշնամի չեմ ՀՀ վարչապետի հետ. Վիտալի Բալասանյան
Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է. Ալեն Սիմոնյան
Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է. Ալեն Սիմոնյան
«Չպետք է տարանջատել գործարարներին. Ծառուկյանը միայնակ պարտավոր չէ որևէ բան անել»
«Չպետք է տարանջատել գործարարներին. Ծառուկյանը միայնակ պարտավոր չէ որևէ բան անել»