Մամուլի տեսություն
Չպետք է իրավունքները, ազատությունները ոտնահարվեն. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ
Չպետք է իրավունքները, ազատությունները ոտնահարվեն. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ 24/03/2020 09:26

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հարցումով դիմում է Արտակարգ դրության պարետ Տ.Ավինյանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա.Դավթյանին։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, հայտարարություն է տարածել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հարգելի պարոն Ավինյան, հաշվի առնելով, որ ՀՀ պարետատան կողմից չի ապահովվել կապի արդյունավետ միջոց (էլեկտրոնային փոստի հասցե, ֆաքս, ինտերնետ հավելվածի համար և այլն), ստիպված սույն հարցումը ներկայացնում ենք ֆեյսբուքյան էջի միջոցով.

Հայաստանի Հանրապետությունում 16.03.2020թ. հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի տարածման և կանխարգելման նպատակով, համաձայն պաշտոնական տեղեկատվության, բազմաթիվ քաղաքացիներ, ում մոտ կասկածվում է վարակի առկայություն, մեկուսացվում են տարբեր վայրերում՝ հյուրանոց, հիվանդանոց և այլն:

Ըստ վերջին տվյալների, նման անձանց քանակը կազմում է շուրջ 600 հոգի:

Ակնհայտ է, որ նման մեկուսացման դեպքում սահմանափակվում են անձնական ազատության իրավունքը, ազատ հաղորդակցության իրավունքը և/կամ ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այդ սահմանափակման հնարավորությունը նախատեսված է Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 33 հոդվածի 2-րդ մասով և 40 հոդվածի 3-րդ մասով: Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը պահանջում է, որ այդ սահմանափակումների իրականացման կարգը սահմանված լինի օրենքով, սակայն նման օրենք ՀՀ-ում բացակայում է: Նշված իրավունքների սահմանափակումների իրականացման կարգ սահմանված չէ նաև որևէ ենթաօրենսդրական ակտով:

Հաշվի առնելով, որ արտակարգ դրությունը, թեպետ, իր էությամբ նշանակում է մարդու և քաղաքացու որոշակի իրավունքների սահմանափակում, սակայն դա ամեն դեպքում չպետք է տեղի ունենա անհարկի և կամայականորեն կամ հանգեցնի իրավունքների և ազատությունների ոտնահարման:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք պարզաբանել.

1. Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կարգով, արտակարգ դրության պայմաններում, ազատությունից զրկված՝ մեկուսացված անձանց մասով արդյո՞ք հստակ սահմանված է, թե որ պաշտոնատար անձն է որոշում կայացնում նրանց մեկուսացման մասին, որքան ժամկետով, որ վայրում և ինչպիսի իրավական հիմքերով:

2. Մեկուսացված անձանց պահման վայրերում արդյո՞ք սահմանված է մեկուսացման (պահման) պարտադիր ռեժիմ, թե՝ ոչ, եթե այո, ապա ո՞ւմ կողմից է այն սահմանված և ո՞ւմ կողմից է վերահսկվում դրա կատարումը:

3. Եթե սահմանված է մեկուսացման ռեժիմ, ապա ապահովված է արդյոք մեկուսացված անձանց ծանոթացումը ռեժիմի պայմաններին, սահմանվա՞ծ է արդյոք դատախազական հսկողություն, ապահովվա՞ծ է արդյոք մեկուսացման դատական վիճարկման իրավունքը, թե՝ ոչ:

4. Ապահովվա՞ծ է մեկուսացված անձանց հեռահաղորդակցության իրավունքը, թե ՝ ոչ, եթե այո, ապա ինչպես, եթե՝ ոչ, ապա ինչ իրավական հիմքերով՝ մասնավորապես, մեկուսացված անձինք կարող են ազատորեն օգտվել հեռախոսներից, թե՝ ոչ (առկա է չստուգված տեղեկատվություն, որ մեկուսացված անձանցից վերցվում են հեռախոսները կամ հեռախոսային կապ ունենալը պարզապես արգելված է):

5. Ո՞ւմ կողմից է կայացվում մեկուսացված անձին ազատ արձակելու մասին որոշումը:

Հարգանքով՝ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ»։

Այլ հոդվածներ
Տարածված լուրերը սուտ են. պատգամավորները պարգևավճար չեն ստացել
Տարածված լուրերը սուտ են. պատգամավորները պարգևավճար չեն ստացել
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ
«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ
Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»
Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»
«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան
«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան