Քաղաքականություն
Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիեւը
Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիեւը 17/02/2020 16:04

Մյունխենում Փաշինյան-Ալիեւ դեբատը բուռն քննարկումների տեղիք է տվել Հայաստանում: Հնչում են ամենատարբեր կարծիքներ, այդ թվում նաեւ ցանկություններ ու խորհուրդներ, եւ ընդհանուր առմամբ պետք է նշել, որ հայ իրականության մեջ եզակի դեպք է, երբ քննարկումներն ընթանում են բավական առարկայական ու ըստ էության: Փաշինյան-Ալիեւ դեբատին նախորդեց երկու ղեկավարների առանձին հանդիպումը, որի վերաբերյալ մեկնաբանություններ չկան: Մինչ այդ, մի քանի օր առաջ Ժնեւում մոտ 11 ժամ բանակցել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ընդ որում, նաեւ պայմանավորվել, որ պետք է պահպանվի բանակցության կոնֆիդենցիալությունը:

Դեբատի ընթացքում Ալիեւն ու Փաշինյանը հանդես եկան հակոտնյա, իրարամերժ դիրքորոշումներով: Ստացվում է հակասական պատկեր. ԱԳ նախարարները բանակցում են 11 ժամ, դեբատից առաջ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպում են առանձին, բայց դեբատի ժամանակ հանդես են գալիս դիրքորոշումներով, որոնք իրարամերժ են: Օրինակ, եթե Ալիեւը կրկին խոսեց տարածքների օկուպացիայի, փուլային լուծման եւ տարածքային ամբողջականության մասին, ապա Փաշինյանը, բացի իր նոր մոտեցումների կրկնությունից ու միկրոհեղափոխությունների անհրաժեշտությունից, դեբատից հետո Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց 6 կետ եւ դրանք անվանեց Մյունխենյան սկզբունքներ: Դրանց 3-րդ կետում մասնավորապես ասվում է. «Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»: Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր տարածքները:

Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, այդ կետերը հրապարակել է Ֆեյսբուքի էջում, ըստ այդմ բաց է մնում հարցը՝ դա պաշտոնական դիրքորոշո՞ւմ է, թե ոչ, այդ մասին նա ասե՞լ է Ալիեւի հետ հանդիպմանը, թե ոչ: Այդ սկբունքները հռչակվել են Մյունխենյան իրադարձությունների արդյունքո՞ւմ, թե ավելի վաղ հայկական կողմը դրել է բանակցային սեղանին:

Բաքուն ապրիլյան պատերազմից հետո հայտնվել է ռազմա-քաղաքական փակուղում, երբ նրան արգելվել է պատերազմել, եւ նաեւ մերժվել է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը: Մյուս կողմից, Բաքվի վրա այնուամենայնիվ «կախված» է Վիեննայի օրակարգը, որը կարող է վերակենդանացվել այս կամ այն մոդիֆիկացիայով: Ալիեւը փակուղուց դուրս գալու փորձեր է անում, որի արտահայտություններից մեկը խորհրդարանի արտահերթ ընտրությունն է: Ակնհայտ է, որ նա գտնվում է ներքին ու արտաքին խնդիրների լուրջ ճնշման տակ, այդ թվում Արցախի խնդրում, որտեղ նրա փաստարկային բազան հասել է նվազագույնին:

Այլ հարց է, որ հայկական կողմը հնարավոր է լիարժեք չի օգտվում այս իրավիճակից, թեեւ ճիշտ են այն փորձագետները, որոնց կարծիքով Բաքվի վարչակարգի, եւ ընդհանրապես այդ երկրի ճակատագիրն ըստ էության կախված է Երեւանի քայլերից: Ի դեպ, այդպես է սկսած 2016-ից, երբ այսպես կոչված բանակցային գործընթացը հանգեց ընդամենն Ալիեւի «դեմքը պահելուն», որի դիմաց, հայտնի չէ, թե ինչ է նա պատրաստ վճարել: Այդ թվում՝ Վիեննայի օրակարգը լռության մատնելու դիմաց:

Միով բանիվ, կարելի է ենթադրել, որ կան որոշակի խնդիրների շուրջ պայմանավորվածություններ, խիստ կոնֆիդենցիալության պայմաններում, որոնք քննարկել են նաեւ Փաշինյանն ու Ալիեւը Մյունխենում: Դեբատը որոշակի անհամաձայնությա՞ն նշան էր, թե պարզապես կոնֆիդենցիալության ընդգծում:

Այլ հոդվածներ
Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի․ Արմեն Աշոտյան
Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի․ Արմեն Աշոտյան
Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան
Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան
Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Հրանտ Բագրատյան
Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Հրանտ Բագրատյան
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից
Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից