Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ 02/11/2019 20:37

Եկեղեցի Թանահատի Սբ. Ստեփանոս (Թանահատի վանք): Կառուցվել է 491թ-ին: Գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Արևիս գյուղից 3 կմ հյուսիս՝ Սիսիան գետի վերին հոսանքի աջափնյակում: Թանահատի վանքը Սյունիքի նշանավոր վանական համալիրներից է: Վանքի Ս. Ստեփանոս Նախավկայի անունը կրող եկեղեցին միանավ բազիլիկ շինություն է, բեմի լրիվ պայտաձև կամարով: Կառուցված է կարմրավուն քարից, այդ է պատճառը, որ տեղացիներն այն կոչում են «Կարմիր վանք»: Շարվածքը դրսից և ներսից կատարված է խոշոր, սրբատաշ քարերով, մուտքերը երկուսն են` հարավային և արևմտյան: Հարավային կողմում ունեցել է սյունասրահ: Ստ. Օրբելյանը, թվարկելով Սյունիքի երեսուն խոշոր վանքերն ու եկեղեցիները, գրում է, որ առաջինը, Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաշատության աղբյուրը, Տաթևն է: Նրան հաջորդում է մեծ առաքինարան Թանահատի վանքը: Օրբելյանը տալիս է նաև վանքի անվան մեկնաբանությունը. վանքի կրոնավորները` հեռացած ամեն տեսակի փափուկ կերակուրներից, միայն բանջարեղենով ու ընդեղենով էին սնվում` հրաժարվելով անգամ թանից: Այդ պատճառով էլ թանահատներ կոչվեցին, այստեղից էլ վանքի անունը` Թանահատի վանք: Ըստ ավանդույթի ` վանքը հիմնադրել է Մխիթար ճգնավորը, որի գերեզմանն էլ գտնվում է վանքի մոտ: Ղ. Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հնում գոյություն է ունեցել Անահիտ Աստվածուհու մեհյանը: Այժմ կանգուն է եկեղեցու հյուսիսային պատը` գրեթե ամբողջությամբ, հարավային, արևելյան ու արևմտյան պատերը պահպանվել են մասնակիորեն` 1.5-2մ բարձրությամբ: Տանիքը` բացի բեմի կամարից, փլված է, իսկ բեմի կամարը 1976թ. վերականգման նախագիծ կազմելու ընթացքում քանդվել, համարակալվել և, եկեղեցուց մոտ 70 մ հեռավորության վրա, իր նախական ձևով դասավորվել է գետնին: Եկեղեցուց հարավ գտնվող սյունասրահից կանգուն է մնացել սյուներից մեկը` մոտ 1.8 մ բարձրությամբ: 2013թ. հարավային պատից մի մեծ հատված փլվել է, փլվածքը թափվել է սյունասրահի մեջ` վնասելով սրահի գետնին ընկած սյունը: Վանքի շրջակայքում կան բնակավայրի, խոշոր, անմշակ գերեզմանաքարերի ու խաչքարերի մնացորդներ: Շրջակայքում թափված քարաբեկորների մեջ հանդիպում ենք քանդակազարդ խոյակներ, սյուների, պատվանդանների և քիվերի ամբողջական կամ վնասված մնացորդներ, որոնք վկայում են վանքի երբեմնի վեհության ու գեղեցկության մասին: 1975թ. վանքի ավերակներում հայտնաբերվել և այժմ Էրեբունի թանգարանում է պահվում ուրարտական Արգիշտի II արքայի (մ.թ.ա. VII դ.) թողած սեպագիր մի արձանագրություն` փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին: Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)